Հարգելի գործընկերներ,
Արցախի Ներդրումային Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատը և «Իվենսենթր» միջոցառումների սպասարկման կենտրոնը հրավիրում են Ձեզ մասնակցելու Արցախյան Տնտեսական Ֆորումին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 02-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս Համաժողովը կազմակերպվում է Արցախի Հանրապետության Կառավարության պաշտոնական աջակցությամբ և նվիրված է Արցախի Ներդրումային Հիմնադրամի 10-ամյակին: Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔ»: Ֆորումի շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:
Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայկական և արտերկրյա ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտում,բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում:
Միջոցառմանը կմասնակցեն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրյա ընկերությունների ղեկավարներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ: